Ձոն ստուգատես մայրիկա գովք

Ակրոստիքոս

Աննման ես և չքնաղ,

Նուրբ ես շատ և գեղեցիկ,

Ուզում եմ միշտ քեզ հետ լինել,

Շատ եմ սիրում քեզ իմ մայրիկ:

Մայրս

Մայրիկը մեզանից յուրաքանչյուրի համար ամենամոտ և ամենաթանկ անձնավորությունն է, և բոլորովին կապ չունի՝ փոքր երեխաներ ենք, թե արդեն մեծահասակներ: Նրանցից ավելի թանկ աշխարհում ոչինչ չկա: Մեր մայրերի շնորհիվ մենք սովորեցինք գրել և կարդալ, լուծել բոլոր այն խնդիրները, որոնք հանդիպում են կյանքի ընթացքում: Սովորել ենք տարբերել բարին և չարը, և ինքներս կարողացել ենք բարյացակամ վերաբերվել մեզ շրջապատող բոլոր մարդկանց:Իմ մայրիկի անունը Անուշ է: Նա աշխարհի ամենասիրող անձնավորությունն է: Մայրս իմ հպարտությունն է: Նա իմ աջակցությունն է: Նա ինձ սիրում է հենց այնպես, անկախ ամեն ինչից:

Բանաստեղծություններ մոր մասին

Հովհաննես Շիրազ

    Մայրս

Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մեր ճորտն ու ծառան է մայրս,
Մեր տան անշուքն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան պուճուրն է մայրս,
Մեր հացն ու ջուրն է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղն ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Ա՜խ, մեր տան Սիսն է մայրս,
Մեր տան Մասիսն է մայրս,
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան Աստվածն է մայրս…

Մայրս

Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,

Մայրս մի մայր հասարակ,

Մայրս այս մայր երկրի մեջ,

Արևի դեմ մի ճրագ:

Բայց արևի լույսի տակ,

Երբ ցավեր եք ինձ բերում,

Սրտիս մռայլն անհատակ՝

Այն խեղճ ճրագն է ցրում:

Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,

Մայրս մի մայր հասարակ,

Մայրս մի բուռ սրտի մեջ,

Գիշեր ու զօր արեգակ:

Եղիշե Չարենց

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
 
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started